ՀԱՇՎԱՌՈՒՄ
Սեփականատերը իրեն պատկանող բնակարանում այլ անձի հաշվառելու համար համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը։
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
«Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի չափով /1000 ՀՀ դրամ/, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու /դադարեցնելու/ համար՝ բազային տուրքի 25-պատիկի չափով /25.000 ՀՀ դրամ/։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը և օրենքով սահմանված փաստաթղթերը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով /50.000-100.000 ՀՀ դրամի չափով/: